

Էջմիածինը «կրակի մեջ» է. Փաշինյանի որոշումը՝ կարգալույծ արված եպիսկոպոսի մասին, աղմուկ է բարձրացրել
Մայր Աթոռը պնդում է՝ վարչապետի նշանակումն անօրինական է ու ոտնձգություն է եկեղեցու դեմ
Today News
13.04.2026 12:15
Հայաստանում նոր սկանդալ է հասունանում պետություն-եկեղեցի հարաբերություններում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խիստ հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին որոշումներից մեկին։
Բանն այն է, որ վարչապետի որոշմամբ՝ Արման Սարոյանը (ով նախկինում Գևորգ եպիսկոպոսն էր) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ։ Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե նա չներկայացվեր որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։
Էջմիածնից շեշտում են՝ այս նշանակումը կատարվել է առանց իրենց համաձայնության։ Ավելին, Սարոյանը կարգալույծ է արված, ինչը նշանակում է, որ նա ոչ մի բարոյական կամ իրավական իրավունք չունի եկեղեցու անունից հանդես գալու։ «Սա հերթական ոտնձգությունն է եկեղեցու ինքնավարության նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Մայր Աթոռը պահանջում է վերացնել այդ «կեղծ տեղեկությունը» պաշտոնական փաստաթղթից։ Թե ինչպես կարձագանքի կառավարությունն այս կոշտ հակազդեցությանը, դեռ պարզ չէ, բայց պարզ է մեկ բան՝ լարվածությունը գնալով մեծանում է։
Աղբյուր՝ armnationalfront


